Ժան Պոլ Մարատ
| Ժան Պոլ Մարատ ֆրանսերեն՝ Jean-Paul Marat | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 24, 1743[1][2][3][…] |
| Ծննդավայր | Բուդրի, Շվեյցարիա |
| Մահացել է | հուլիսի 13, 1793[1][2][3][…] (50 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
| Գերեզման | Պանթեոն (Փարիզ) |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ֆրանսերեն |
| Կրթություն | Սենթ Էնդրյու համալսարան |
| Երկեր | Ստրկության շղթաները |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող և բժիշկ |
| Ամուսին | Simone Évrard? |
| Ծնողներ | հայր՝ Jean-Baptiste Marat? |
| Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր |
| Կուսակցություն | Յակոբինյան ակումբ և Կորդելիերներ |
| Ստորագրություն | |

Ժան Պոլ Մարատ (ֆրանսերեն՝ Jean-Paul Marat, մայիսի 24, 1743[1][2][3][…], Բուդրի, Շվեյցարիա - հուլիսի 13, 1793[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քաղաքական տեսաբան, հրապարակախոս, բժիշկ և գիտնական, Ֆրանսիական հեղափոխության գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Շվեյցարիայում։ 1759 թվականից հաստատվել է Ֆրանսիայում, ուսումնասիրել է բնական և փիլիսոփայական գիտությունները, կրել լուսավորիչներ Ժան Ժակ Ռուսոյի և Շառլ Լուի Մոնտեսքյոյի գաղափարական ազդեցությունը։ 1765 թվականին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, զբաղվել բնական գիտություններով և բժշկությամբ։ 1775 թվականին Էդինբուրգի համալսարանը նրան շնորհել է բժշկության դոկտորի գիտական աստիճան։ 1775 թվականին Ամստերդամում լույս է տեսել Մարատի «Մարդու մասին...» բնափիլիսոփայական երկը, որին բացասաբար վերաբերվեցին Դենի Դիդրոն և Վոլտերը։ Մարատի առաջին քաղաքական երկը՝ «Ստրկության շղթաները», լույս է տեսել 1774 թ., որտեղ հեղինակը քննարկել է «հեղափոխության անխուսափելիության» և «հեղափոխական պայքարի» հարցերը։ Հեղափոխական գաղափարները զարգացրել է քաղաքական-իրավաբանական «Քրեական օրենսդրության նախագիծ» (1780) աշխատության մեջ։ 1776 թվականից վերադարձել է Փարիզ, զբաղվել է բժշկությամբ և ֆիզիկայով։ Հեղափոխությունը սկսվելուն պես թողել է գիտությունը և առավել ակտիվորեն մասնակցել հեղափոխական գործընթացին։ 1789 թվականի սեպտեմբերից հրատարակել է «Ժողովրդի բարեկամ» թերթը, որի էջերում հետևողականորեն պաշապանել է հեղափոխության զարգացման խնդիրները, քննադատել ժիրոնդիստներին։ 1790 թվականից անցել է ընդհատակ։ Հիմնական խնդիր ունենալով քաղաքական հարցերը լուծել՝ Մարատը մշակել է նաև հեղափոխության սոցիալական խնդիրները, խոսելով ժողովրդի և հատկապես ունեզուրկ խավերի շահերի մասին, որով ձեռք է բերել մեծ ժողովրդականություն։ 1792 թվականին ընտրվել է Ազգային կոնվենտում։ Հեղափոխական ուժերը համախմբելու նպատակով Մարատը «ժողովրդի բարեկամ» թերթը վերանվանել է «Ֆրանսիական հանրապետության լրագիր»՝ գործընկերներին կոչ անելով մոռանալ կուսակցական տարաձայնությունները, միավորել բոլոր ուժերը՝ «հանուն հանրապետության փրկության»։ Ժիրոնդիստները չընդունեցին Մարատի առաջարկները և 1793 թվականի ապրիլին Կոնվենտի որոշմամբ Մարատին ձերբակալեցին (հակառակ նրա պատգամավորական անձեռնմխելիության) և հանձնեցին հեղափոխական տրիբունալին, որտեղ Մարատն արդարացվեց և վերադարձավ Կոնվենտ։ Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռի հետ (երկուսով գլխավորում էին յակոբինյաններին) ղեկավարեց ընդդեմ ժիրոնդիստների 1793 թվականի մայիսի 31-ի-հունիսի 2-ի ժողովրդական ապստամբության նախապատրաստությունը։ Այնուամենայնիվ, ծանր հիվանդության պատճառով Մարատը չկարողացավ ակտիվորեն մասնակցել Կոնվենտի գործունեությանը յակոբինյան դիկտատուրայի հաստատումից հետո, չնայած շարունակել է հրատարակել իր թերթը։
Սպանվել է ժիրոնդիստների կողմնակից Շառլոթ Կորդեի կողմից՝ վատթարացող մաշկային հիվանդության դեմ բուժիչ լոգանք կրելիս։ Նկարիչ Ժակ Լուի Դավիդի «Մարատի մահը» գեղանկարը համարվում է Ֆրանսիական հեղափոխությանը նվիրված ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։
Մարատի թաղումը վերածվել է քաղաքական մեծ ցույցի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 299)։ |
- Մայիսի 24 ծնունդներ
- 1743 ծնունդներ
- Շվեյցարիայում ծնվածներ
- Հուլիսի 13 մահեր
- 1793 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի գիտնականներ
- Ֆրանսիացի հրապարակախոսներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Ֆրանսիացի բժիշկներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Ֆրանսիացի հեղափոխականներ
- Շվեյցարիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում մահապատժի ենթարկված անձինք
- Ֆրանսիացի քաղաքագետներ
- Անձինք նամականիշերի վրա